Մտահոգ լինելով երկրում տիրող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական վիճակով, «Ժառանգություն» կուսակցությունը սկսել է ժողովրդի հետ հանդիպումների շարք:
Այդ մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, հավելելով, որ հասարակության մեջ խորանում է հուսալքությունը, եւ այդ առումով կարեւոր է պահպանել կապը հասարակության հետ:
Նրա խոսքով, կուսակցության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես Վանաձորում, Էջմիածնում, Աշտարակում, Մեծամորում:
«Այդ հանդիպումների նպատակն է մեր ձեռքը պահել հասարակության զարկերակին եւ հասկանալ ու զգալ հասարակական պատվերը: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը` Երեւանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, եւ դա կլինի վերջին ժամանակահատվածում կազմակերպած առաջին զանգվածային միջոցառումը մայրաքաղաքում: Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին այդպիսի մի հանդիպում տեղի կունենա Գյումրիում»,- ասաց Խուրշուդյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ կուսակցությունը կարեւորում է համալիր այլընտրանքի ձեւավորումը գործող իշխանություններին եւ շարունակում է մնալ համապարփակ փոփոխությունների ջատագովը:
Խուրշուդյանը նաեւ նշեց, որ պետք չէ դիտարկել այդ հանդիպումները որպես նախընտրական քարոզարշավ, քանի որ դրանք կուսակցության ավանդական հանդիպումներն են:




























