«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, նույնիսկ իր ամենաանպարկեշտ ընդդիմախոսների հետ` Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը հասնելու համար:
Այդ մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, հավելելով, որ համագործակցության առումով կուսակցությունը նախապատվությունը կտա այն ուժերին, ովքեր անկեղծ են իրենց մղումների մեջ.«Պետք չէ դուռը փակ պահել»: Նրա խոսքով, համագործակցության նպատակը համակարգային փոփոխությունների հասնելն է:
«Ինչ վերաբերում է հնարավոր դաշինքներին, ապա մենք պետք է զգանք հասարակական պատվերը, եւ եթե կա համախմբման պատվեր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, ապա կուսակցությունը կգնա այդ քայլին: Սակայն առայժմ չկան նման ձեւաչափի անհրաժեշտություն, հետեւաբար վաղաժամ է այդ մասին խոսելը»,- նշեց Խուրշուդյանը:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական համագործակցությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, Խուրշուդյանը նշեց, որ «ժառանգությունը» համագործակցում է այդ ուժի հետ. «Շատ լավ հարաբերությունների մեջ ենք այդ քաղաքական ուժի հետ, ողջունում ենք նրանց մուտքը քաղաքական դաշտ»:




























