Ստամբուլում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) քաղաքացիական կառույցի՝ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) դեմ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է նաեւ KCK-ի առաջնորդ Մուրադ Քարայլանից հետո եկող 3 ղեկավար անձանցից մեկը։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության կողմից KCK-ի դեմ իրականացված գործողության ընթացքում 95 հոգի է կալանավորվել, որոնց մեջ է նաեւ KCK-ի 3 հոգանոց խորհրդի անդամներից մեկը՝ Քուդբեթին Յազբաշը։
Նշվում է, որ կասկածներ կան, որ Յազբաշը Մուրադ Քարայլանից ստացած հրահանգները փոխանցել է KCK-ի Ստամբուլի կառույցներին։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են «KCK-ի Սահմանադրություն», « KCK-ի դատարաններ» եւ նմանատիպ այլ գրառումներով փաստաթղթեր։
Փաստաթղթերից հայտնի է դարձել, որ KCK-ն Ստամբուլը բաժանել է 3 շրջանի եւ ամեն շրջան ունեցել իր պատասխանատուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցյալ ամիս ձերբակալվել էր KCK-ի խորհրդի անդամ եւ մամուլի խոսնակ Նիհաթ Օղրաշը։ Թուրքական ոստիկանությունը փնտրում է KCK-ի խորհրդի 3-րդ անդամին։




























