ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհուրդը քաղաքական կազմակերպություն չէ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, հայտարարել է Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը, Երեւանում այսօր մեկնարկած ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստում:

«Միանգամից ուզում եմ ասել, որ մենք քաղաքական կազմակերպություն չենք ու ես շնորհակալ եմ, որ Ռամիլ Ուսուբովի (Ադրբեջանի ՆԳ նախարար-խմբ) եւ Հայկ Հարությունյանի (ՀՀ նախկին ոստիկանապետ), իսկ հիմա նաեւ Ալիկ Սարգսյանի (ՀՀ ներկա ոստիկանապետ) միջեւ Ղարաբաղի հարցը կանգնած չէ: Մենք հասկանում ենք, որ կան հարցեր, որոնք լուծում են եւ լուծելու են քաղաքական գործիչները:

Մեր գլխավոր խնդիրը հանցավորության դեմ պայքարն է: Անհրաժեշտ է, որ մենք, որպես մոտ հարեւաններ, հասկանանք, որ Հայաստանում ու Ադրբեջանում ապրող մարդիկ պետք է անվտանգ լինեն: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին այդ հարաբերությունների համար»,- ասաց Նուրգալիեւը:

Ադրբեջանի ՆԳ նախարարի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան, Ալիկ Սարգսյանն ասաց, որ նման հանդիպում չի նախատեսվում: «Մենք երեկ հանդիպել ենք, բայց քաղաքական հարցեր չեն քննարկվել: Մենք նման իրավունք էլ չունենք: Մեր կառույցներն ապաքաղաքական են: Նա իր աշխատանքի համար է պատասխանատու, ես` իմ: Մենք ընդամենը քննարկում ենք ոստիկանության գործունեությանը վերաբերող հարցեր»,- հայտարարեց ՀՀ ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը Երեւանում մասնակցում է ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին: