Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերին պետք է ընտրի  ժողովուրդը, այլ ոչ թե տարբեր տեսակի ծախու սոցիոլոգները եւ տնաբույս քաղաքական տեխնոլոգները: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ  Խուրշուդյանը` մեկնաբանելով այն կանխատեսումները, որոնց համաձայն իրենց կուսակցությունը չի անցնի հաջորդ խորհրդարան:

«Մեր կարծիքով եւ մեր անցկացրած հարցումներով, «Ժառանգությունն» ամենաքիչը կկրկնապատկի նախորդ խորհրդարանական ընտրություններում արձանագրած ցուցանիշը: Բայց դեռ ժամանակ կա, շատ ավելի մեծ եւ ավելի հավակնոտ հայտ ներկայացնելու խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար», -ասաց Խուրշուդյանը:

Նա նաեւ նշեց, որ առաջիկա ամիսներին «Ժառանգությունը» ակտիվացնելու է իր գործողությունները եւ հասարակության հետ հանդիպումների շարքը կարող է վերածվել հանրահավաքների եւ քաղաքական համախմբմանն ուղղված նախաձեռնությունների: Իսկ դա իր հերթին պայմանավորված է հասարակական պատվերներով:

«Ժողովուրդը «Ժառանգությունից» պահանջում է ավելի ակտիվ գործողություններ: Առաջիկա ամիսների ընթացքում մենք ավելի ենք ակտիվացնելու մեր գործողությունները,  այդ թվում նաեւ հանրահավաքների անցկացում»,-ասաց Հ. Խուրշուդյանը: