Գառնիի մերձակայքում այսօր` հոկտեմբերի 14-ի կեսօրին տեղի ունեցած երկրաշարժը լուրջ խուճապի է մատնել Երեւանի հյուսիսային շրջանների բնակիչներին: Ջրվեժի, Ավանի եւ Նոր Նորքի դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, իսկ աշակերտներին տարհանել են դպրոցներից եւ արգելել են մուտք գործել դպրոցների տարածք` նոր ցնցումների մտավախություն ունենալով: Նոր Նորքի դպրոցներից մեկից հայտնեցին, որ առայժմ հրահանգի են սպասում` երեխաներին տուն ուղարկելու կամ, եթե ցնցումների վտանգն անցել է, դպրոցի շենք ուղեկցելու համար:

Ստորգետնյա ցնցումների պատճառով տարհանվել են նաեւ մի քանի ձեռնարկությունների աշխատակիցներ: Մասնավորապես «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը NEWS.am-ին հայտնեց, որ երկրաշարժից հետո, ըստ կարգի, մեկ ժամով տարհանվել են մի քանի կայանների աշխատակիցներ, որոնք ավելի ուշ վերադարձել են իրենց սովորական աշխատանքին:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի  տարածքում՝ Գառնիից 10 կմ արեւմուտք այսօր, ժամը 12.30-ին, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ որի երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։