Թեեւ Հայաստանի ողջ տարածքը համարվում է ամբողջությամբ սեյսմավտանգ, Գառնիի սեյսմաակտիվ գոտին առավել վտանգավորներից մեկն է համարվում: Այդ գոտին ունի 15 կմ խորություն եւ 7 մագնիտուդ ուժգնություն:
Ըստ փորձագիտական եզրակացության` եթե այս կենտրոնում ուժեղ երկրաշարժ տեղի ունենա (10-11 բալ), ապա հանրապետությանը կհասցնի ամենամեծ վնասները, քանի որ անմիջապես ազդեցության գոտում է գտնվում Երեւան քաղաքը:
Նշենք, որ Գառնիի 1679 թ. հունիսի 4-ի կործանարար երկրաշարժը` 9-10 բալ ուժգնությամբ, ավերել էր Երեւանի Նորքի, Քանաքեռի, Նորագավիթի, Նորագյուղի, Ձորագյուղի եւ այլ շատ բնակավայրեր: Ամբողջովին ավերվել է Գառնի գյուղը, որտեղ զոհվել է 7600 մարդ, իսկ Քանաքեռում զոհվել է 1228 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հոկտեմբերի 14-ին Գառնիի մոտ տեղի է ունեցել թույլ երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։




























