Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ոչնչացվել է իշխանական կուսակցությունների մոտ 12 կգ անդամատոմս: Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե հանրահավաքից հետո նոր անդամատոմսեր է ստացել, որոնք կարող է ցույց տալ լրագրողներին, միայն առանց անունների:

Ըստ Մանուկյանի, շուրջօրյա հանրահավաքներն իսկական ճեղք էին: «Մենք մեր ասելիքն արեցինք, շուրջօրյա հանրահավաքներն անցան եղբայրական, հումանիստական մթնոլորտում: Մարտի 1-ից հետո երեք տարի անց Հայաստանի քաղաքացին կարողացավ հաղթահարել իր վախը, գիշերացույցեր անել»,- նշել է Մանուկյանը:

Անդրադառնալով առաջիկա հանրահավաքին, որ կայանալու է հոկտեմբերի 28-ին, Արամ Մանուկյանը նկատել է, որ դեռ կոնկրետ բաղադրատոմս չունեն:

ՀՀՇ վարչության նախագահը ողջունել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի որոշումը` հոկտեմբերի 28-ին միանալ ՀԱԿ հանրահավաքին: