Հայաստանը վստահում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին եւ նրանցից նախաձեռնություններ է ակնկալում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան հանդես է եկել առաջարկությամբ` իրար հետ հանդիպեցնել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի խորհրդարանականներին: «Ես կարող եմ վերահաստատել, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իր ելույթում եւ խոսակցություններում հանդես է եկել նման առաջարկությամբ: Իմ ելույթի ընթացքում ես հարցրել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ունե՞ն նրանք արդյոք որոշ գաղափարներ մտքեր առաջարկություններ, որոնք կապված են հակամարտող կողմերի խորհրդարանների եւ խորհրդարանական դիվանագիտությունը խաղաղությանը ծառայեցնելու խնդրին: Թե սրա վրա կկառուցվի՞ վստահության տանող նոր շենք, ցույց կտա ժամանակը: Վստահ եմ, որ Հայաստանը վստահում է  ԵԱՀԿ Մինսկի հմանախագահներին եւ նրանցից նախաձեռնություններ է ակնկալում»,- նշել է Սաֆարյանը: Վերջինս նշել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշն ընդունել է հայկական կողմի դիտարկումներն ի գիտություն:

Անդրադառնալով Բահար Մուրադովայի հայտարարությանը, թե հանդիպումը կարող է կայանալ Բաքվում կամ Վիեննայում` Արամ Սաֆարյանը նշեց. «Այդպիսի կոնկրետ առաջարկություն ինձ հայտնի չէ, ընդհանուր առաջարկություն եղել է, բայց նման կոնկրետ բան չի ասվել»:

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բահար Մուրադովան հայտարարել էր, թե «հանդիպումը կարող է լինել Բաքվում, սակայն հնարավոր է անցկացնել նաեւ Վիեննայում: Դա ուղղակի առաջարկություն է»: