Հայ ազգային կոնգրեսը երկխոսության ընթացքում համախոհներ կորցրեց: Հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում խոստովանել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Երկխոսության ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը համախոհներ կորցրեց, քանի որ ժողովուրդն էլ գիտեր, որ երկխոսությունը չիրականացող բան էր: ծԻծաղելի էր` բանակցել հանցագործի հետ, որը մարտի 1 է իրականացրել: Մենք ձեւի համար չենք գնացել երկխոսության, այլ գտնում էինք, որ լավագույն միջոցն է խաղաղ անցում կատարելու ժողովրդավար Հայաստանի»,- նշել է Մանուկյանը:
«Երկխոսության միջոցները սպառված են, սակայն ժողովրդավար պայքարի բազմաթիվ սպեկտրներ կան: Մեր օրակարգում միայն մեկ կարեւոր հարց կա` Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, մեր տակտիկայի մեջ հստակեցումներ են մտել: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը տուժում է իշխանության գործողություններից, նա փոփոխությունների կարիք ունի: Եվ չկա այլ քաղաքական ուժ, քան ՀԱԿ-ն է, որը ռեալ ուժ կունենա իշխանափոխություն իրականացնել»,- ասաց Մանուկյանը:
Վերջինս նշել է, թե ներկայումս ՀԱԿ-ի օրակարագյաին հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, եւ իրենք պայքարում են դրա իրականացման համար:
Ըստ Մանուկյանի, տարբերություն կա Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի միջեւ: «Արտահերթ ընտրությունների պահանջը տեղավորվում էր երկխոսության գործընթացի մեջ, իսկ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի ժամանակ կոշտ, միակողմանի պահանջ ես ներկայացնում»,- նկատել է ՀՀՇ վարչության նախագահը եւ հավելել, որ իրենք այլեւս չեն բանակցելու ճանապարհները փակող, սեփական ժողովրդին տոտալ պատերազմ հայտարարած, երկխոսությունից հրաժարված իշխանությունների հետ:
Խոսելով բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին` Արամ Մանուկյանը նկատել է, թե ոչ մարտական պայմաններում մի քանի օրում երեք զինվոր կորցնելը պարզապես ողբերգություն է: «Բանակում կատարվող այլանդակությունները վերջին ժամանակներս նույնիսկ գերակա դեր են գրավել, քան անգամ երկրում առկա արտագաղթը: Բանակի քանդվելն ու արտագաղթը քանդելու են Հայաստանը»,- ասել է Արամ Մանուկյանը:




























