Ադրբեջանցի պաշտոնյաները Ղազախստանում հսկայական քանակությամբ տիրույթներ ունեն եւ հսկայածավալ հարստություն են կուտակել, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ղազախական մամուլի հաղորդած տեղեկությունները:

Ներկայումս Ղազախստանում գյուղատնտեսության 30 տոկոսը եւ պողպատի գործարաններն ադրբեջանցի պետական պաշտոնյաների սեփականությունն են, հայտնում է աղբյուրը եւ հավելում, որ ներկայումս Ղազախստանում գործարարական առանձնակի ակտիվություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը: Նա հիմնականում բամբակագործության եւ հացահատիկի ոլորտում լայն հնարավորություններ ունի:

Աղբյուրի հաղորդմամբ, վերջին հինգ տարվա ընթացքում ակտիվ մյուս պաշտոնյան գեներալ Բեյլեր Էյուբովն է` նախագահ Իլհամ Ալիեւի անձնական պահպանության ծառայության ղեկավար: Պոլիգոնի հաղորդմամբ, Բեյլար Էյուբովը նույնիսկ հսկայական չափերի հասնող հողային տարածքներ ունի: Նրա գործունեությունը հիմնականում կապվում է գյուղատնտեսության ոլորտի եւ ագրարային տնտեսությունների վերահսկման հետ: