Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում ժամկետային զինծշառայող Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստով ժամկետային զինծառայող են ձերբակալել:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ 2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, պաշտոնական վարկածով, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, մահացել էր ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Եւս մեկ զինծառայող` Արամ Աշոտի Մելքոնյանը մահացել էր հոկտեմբերի 13-ին Իջեւանում: Երկու դեպքում էլ ՊՆ-ն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: