Ադրբեջանի իշխանությունը պետք է պատժվի։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էբները։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է եւ՛ նախագահին, եւ՛ զինվորականներին, եւ՛ տնտեսական պատժամիջոցների սահմանմանը, որոնք պետք է ազդեցություն ունենան ոչ թե ադրբեջանական ժողովրդի, այլ ղեկավարության, պատասխանատվություն կրողների վրա:
Նա հիշեցրեց, որ նույնիսկ 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումները, իսկ այսօր պատերազմը հասել է արդեն Հայաստանի տարածք։
«Անցած շաբաթ մենք այցելեցինք Տեղ գյուղ եւ տեսանք Հայաստանի օկուպացված տարածքները։ Այնտեղ արդեն էթնիկ զտումներ են իրականացվում։ Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ հողն առանց հայերի»,-ասաց նա։
Նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը իրավունք չունի ասելու, որ Արցախը ինքնորոշման իրավունք չունի, քանի որ դա միջազգային իրավունք է: «Շատ ռիսկային կլինի, եթե կառավարությունն ասի, որ Արցախն ինքնորոշման իրավունք չունի։ Նրանք, ովքեր կհետեւեն այդ տրամաբանությանը, ստիպված կլինեն առերեսվել Սյունիքի խնդրի հետ»․,-եզրափակեցնա։





























