Սյունիքի մարզում գործող «ՏաԹեւեր» Ճոպանուղին գործարկումից` 2010թ.  հոկտեմբերի 23-ից մինչեւ օրս սպասարկել է մոտ 70 000  ուղեւորի, որի ավելի քան 10%-ը  հարակից գյուղերի բնակիչներ են, որոնք ճոպանուղուց օգտվել են անվճար: 

Այս մասին ճոպանուղու  «Հալիձոր» կայանի սպասասրահում, լրագրողների հետ հանիպման ժամանակ նշել է ճոպանուղու տնօրեն պրն Տ. Ղազարյանը, ներկայացնելով ճոպանուղու մեկամյա աշխատանքը եւ իրականացրած ծրագրերը:

Նրա խոսքով, անցած տարվա ընթացքում  ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է  եղել տոն եւ հանգստյան օրերին, որոնց ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700- 800 ուղեւորի:

Ճոպանուղու շահագործման  ողջ ընթացքում իրականացվել է ամենօրյա մանրակրկիտ տեխնիկական սպասարկում անձնակազմի եւ ճոպանուղին կառուցած շվեյցարացի մասնագետների կողմից` ճոպանուղու շահագործումը եւ տեխնիկական պայմանները հաստատապես պահելով սարքին եւ բացարձակ անվտանգ: Ընթացիկ տարում իրականացվել է ճոպանուղու տեխ. զննում ՀՀ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կողմից, որի արդյունքում  «ՏաԹեւերը» ճանաչվել է տեխնիկապես բացարձակ սարքին եւ անվտանգ շահագործվող կառույց: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել եւս մեկ տեխնիկական զննում, այս անգամ արդեն շվեյցարական եւ ճոպանուղիների շահագործման եվրոպական անկախ մեկ այլ փորձագիտական հանձնախմբի կողմից:

Ողջ տարվա ընթացքում, շահագործման գործընթացին զուգահեռ, իրականացվել են ճոպանուղու երկու կայանների հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ,  տեղադրվել են  տեղեկատվական եւ  այցելուների  եռալեզու  ուղեցույց-վահանակներ, ավելի քան 50 նստարաններ եւ աղբամաններ` տարածքը դարձնելով ավելի հարմարավետ այցելուների եւ ուղեւորների համար: Ճոպանուղու «Տաթեւ» կայանում տեղադրվել եւ շուտով շահագործման կհանձնվիսանհանգույց:

Ընթացիկ տարվա ընթացքում  «ՏաԹեւեր»-ի  «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվել եւ շահագործման համար պատրաստ է  սպասասրահ-սրճարանը, որը նախատեսված է ուղեւորների եւ այցելուների հանգստի եւ սպասման հարմարավետ կազմակերպման համար:

«ՏաԹեւեր» ճոպանուղին ոչ միայն  զբոսաշրջության զարգացման  լավ հնարավորություն է, այլ նաեւ ստեղծել է աշխատատեղ հարակից համայնքների  բնակիչների համար: Այսօր ճոպանուղին  եւ նորաբաց սրճարան-սպասասրահը  ունեն 55 աշխատող, որոնք հարակից  համայնքների եւ Գորիսի բնակիչներ են: