Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, բնապահպանական, առեւտրային եւ տեխնոլոգիական հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Հանձնաժողովի նիստը կայացել է հոկտեմբերի 12-13-ին, Թբիլիսիում:

Պատվիրակության նախագահ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դա աննախադեպ փաստ էր, քանի որ Հայաստանի պատվիրակը երրորդ անգամ է ընտրվել հանձնաժողովի նախագահ:

Հանրապետական Արեգ Ղուկասյանը իր հերթին նկատեց, որ ՍԾՏԿ ԽՎ պատմության ընթացքում նման նախադեպ չի եղել: «Պարոն Մինասյանը 2007 թվականից հանձնաժողովի նախագահն է, եւ երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում»,- նշել է պատգամավորը:

Վերջինս նշել է, որ այս հարցում կար մի ինտրիգ: ՍԾՏԿ ԽՎ գլխավոր քարտուղարը նամակով դիմել էր հայաստանյան պատվիրակությանը եւ հայտնել, թե երբեք չի եղել, որ երրորդ անգամ նույն մարդն ընտրվի, եւ այդ հանգամանքը հաշվի կառնվի քվեարկության ժամանակ: «Մենք պատասխանեցինք, որ կանոնակարգը չի արգելում նման բան»,- նշեց Արեգ Ղուկասյանը:

Վեջինս նշեց, որ ընտրություններից հետո անգամ թուրքերն ու ադրբեջանցիներն էին ստիպված շնորհավորել հանձնաժողովի նախագահին, իսկ վրացիները նախքան քվեարկությունը տեղեկանալով, որ Գագիկ ՄԻնասյանն է թեկնածուն, հանել էին իրենց ներկայացուցչի թեկնածությունը:

Այդուհանդերձ, առաջիկայում Տիրանայում կայանալիք ՍԾՏԿՀ ԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունն առաջարկելու է սահմանափակումներ մտցնել, որպեսզի նույն մարդը որեւէ պաշտոնում ընտրվի երկու անգամից ոչ ավելի, եւ Գագիկ Մինասյանը միակն է լինելու, ով հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի երեք անգամ: