Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, վաղը` հոկտեմբերի 18-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Վարչապետը հանդես կգա նաեւ դասախոսությամբ՝ Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտության եւ ֆինանսների պետական համալսարանում:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։




























