Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվի կոալիցիան հուշագրից, նրա իմիջը կընկնի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` պատասխանելով ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին հարցին:
«Ընտրություններից առաջ բոլոր ուժերը, այդ թվում Հանրապետականն ակտիվացնում է իր գործունեությունը: Մնացած հայտարարություններին ես ուշադրություն չեմ դարձնում, քանի որ դրանք քաղաքական մեխանիզմներ են: Կա գրավոր հուշագիր, եթե դրանից հրաժարվի որեւէ ուժ, ապա նրա իմիջը կընկնի»,- նշել է Ալեքսանյանը, ով, սակայն, չի բացառել դեպքերի նման զարգացման հնարավորությունը:
Պատգամավորի խոսքով, հանրապետական կուսակցությունն առանձնապես մտահոգված չէ այդ հարցում: «ՀՀԿ խորհրդի նիստում նման բան չի որոշվել: Ներքաղաքական տարբեր հարցեր են քննարկվել, օրակարգային հարցեր չեն քննարկվել: Ես անձամբ ուզում եմ, որ բոլոր ուժերի հետ ՀՀԿ-ն հստակեցնի իր հարաբերությունները»,- նկատել է Լեռնիկ Ալեքսանյանը:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը նշել է, թե «Բարգավաճ Հայաստանն» ունի մեկ կոնկրետ նպատակ եւ շարժվում է այդ ճանապարհով` «իշխանության բերել հանրապետության թիվ մեկ հանցագործ Ռոբերտ Քոչարյանին»:




























