Անիի ճարտարապետության պատմությանը նվիրված ալբոմ-գիրք կհրատարակվի հայկական քաղաքի 1050-ամյակի կապակցությամբ: Գիրքը լույս կտեսնի մոտ մեկ ամսից, հոկտեմբերի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` գրքում ընդգրկված են 670 լուսանկարներ, քարտեզներ, կրոնական հուշարձաններ, գերեզմաններ, ճարտարապետական եւ արտադրական հուշարձաններ` կամուրջներ, ջրաղացներ եւ այլն:

Հրատարակության նորարարությունը կդառնան նախնական տեսքով չպահպանված  մի շարք հուշարձանների 3D  մոդելները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանությունների` պատմական ժառանգություն համարվող Անիի պահպանությանն ուղղված գործողություններին, դրանք ավելի շուտ ոչ թե գործողություն են, այլ` անգործություն: Հաճախ քաղաքը վանդալների զոհ է դառնում:

«Օրինակ, 2004-2005թթ. ֆրանսիացի հնագետները հայտնաբերել էին հայ հոգեւորականների  հինավուրց դամբարաններ: Բայց արդեն հաջորդ տարի` 2006թ., երբ մենք այցելեցինք Անի, դամբարաններն ավերված էին, ոսկորները հանվել էին շիրիմներից: Դա անելու համար շատ ժամանակ է պահանջվում` ժամեր եւ անգամ օրեր: Ինչպես է վանդալներին հաջողվել դա իրագործել թանգարան համարվող Անի քաղաքի տարածքում», - ասաց Սամվել Կարապետյանը:

Վերջինիս գնահատականով` նման բարբարոսությունը Թուրքիայի իշխանությունների հետեւողական քաղաքականության արդյունքն է, ովքեր մշտապես լուրեր են տարածում, թե իբր հայերը Թուրքիայի տարածքից փախչելիս իրենց հարստությունը թաքցրել են գերեզմաններում եւ եկեղեցիներում: Փորձագետն ընդգծեց, որ դա դիտավորյալ է արվում, որպեսզի «գանձեր որոնողների» ձեռամբ ավերվի ամեն մի հայկական բան: