Եվրոպայի պարտքային ճգնաժամը առաջին հերթին մեծ ազդեցություն կարող է թողնել Հարավ Արեւելյան Եվրոպայի երկրների վրա: Այսօր` հոկտեմբերի 18-ին, Երեւանում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԲ ներկայացուցիչ Իվոն Թիկատան` լրագրողների խնդրանքով ներկայացնելով ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունն  ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա:

Ի. Թիկատայի խոսքով` մի քանի գործոններ կան, որոնք որոշիչ դեր են խաղում ճգնաժամերի ընթացքում: Առաջինը առեւտուրն է` մեծապես կտուժեն այն երկրները, որոնք առեւտրի մեծ ծավալներ ունեն Հունաստանի եւ Իտալիայի հետ: Այդպիսիք են, օրինակ, Բալկանյան երկրները: Երկրորդը բանկային ոլորտն է, սակայն Հայաստանի բանկային համակարգը սերտ կապեր չունի ոչ Հունաստանի, ոչ Իտալիայի ֆինանսական համակարգերի հետ: Բացի այդ` Հայաստանում լիկվիդայնության հետ կապված տոկոսադրույքները բարձր չեն, հետեւաբար խնդիրներ չպետք է առաջանան:

Երրորդ գործոնը կապված է արժույթի հետ, ավելի ճիշտ` եվրո/դոլար հարաբերակցության հետ: Այս իմաստով եւս Հայաստանը պաշտպանված է, քանի որ ՀԲ ներկայացուցչի խոսքով` եվրոյից չի օգտվում:

Այսպիսով` ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը շոկի չի ենթարկվի, թեեւ կարող են լինել երկրորդային ազդեցություններ (ՀՆԱ կամ հարկերի կրճատում): «Բայց վտանգը այստեղից հեռու է, ավելի շատ կազդի Հարավ Արեւելյան Եվրոպայի երկրների վրա»,- եզրակացրեց Ի. Թիկիտան: