Մովսես Խորենացիի փողոցի վրա գտնվող մսի պասաժում (ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ) հիմնական խախտումները վերացվել են, իսկ մսավաճառների 80 տոկոսը շարունակում է գործել: Այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:
Նրա խոսքով` մսավաճառները ստեղծել են առեւտրի պատշաճ պայմաններ, միսը պահում են սառնարանում, ունեն պատշաճ համազգեստ: Այդ ամենը, ըստ Ա. Վարժապետյանի, նպաստել է առեւտրի ծավալների աճին: Հիմնական խնդիրը մնում է լուսավորության հարցը: Ըստ տեխնիկական կանոնագրքի` մսի վաճառքի կետում լուսատուն պետք է պաշտպանված լինի, սակայն մսավաճառները միտումնավոր հանում են պաշտպանիչ լուսամփոփը, որպեսզի «մսի գույնը լավ երեւա»:
NEWS.am-ը նաեւ իր դիտարկումն անցկացրեց այդ մսի պասաժում: Այնտեղ իրոք դրական տեղաշարժեր կան, սակայն գյուղնախարարության պաշտոնյայի լավատեսությունը փոքր-ինչ չափազանցված է: Մսավաճառների մի զգալի մասը շարունակում է կեղտոտ արտահագուստ կրել, կան կրպակներ, որտեղ մսավաճառն ընդհանրապես համազգեստ չունի: Կրպակների մեծ մասում միսը դրված է դարակին` ի վայելումն ճանճերի: Այս առումով համեմատաբար բարվոք է վիճակը այն կրպակներում, որտեղ վաճառքն ամբողջությամբ փակ տարածքում է իրականացվում: Թեեւ նախկինի պես մայթերը լցոնված չեն սպանված անասունների գլուխներով ու պճեղներով, այնուամենայնիվ` 2 այդպիսի գլուխ հենց մայթի վրա կարելի է հանդիպել:
Իսկ ամենատհաճը այդ թափթփվածության մեջ այն է, որ մսավաճառներն ուղղակի տիզի պես կպչում են այն մարդուն, ով գին է հարցնում: Ի դեպ` տավարի մսի «նախնական» գինը 2600 դրամ է 1 կգ-ի համար:




























