Հայաստանի արտաքին պարտքը շատ անհանգստացնող եւ ռիսկային է: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«ԱՄՆ-ի համար 100 տոկոսանոց, կամ Ֆրանսիայի համար 120 տոկոսանոց արտաքին պարտքը միգուցե վտանգավոր չէ, սակայն Հայաստանի համար 40 տոկոսից ավելի արտաքին պարտքը ռիսկային է»,- նշեց տնտեսագետը եւ հավելեց. «Պետական պարտքը 2012թ. կհասնի 4,764 միլիարդ դոլար: Այս տարի եղել է 4,4 միլիարդ դոլար: Սրա մոտ 80 տոկոսն արտաքին պարտքն է: Արտաքին պարտքը 2011-ին եղել է 3,8 միլիարդ, հաջորդ տարի կլինի 4,17 միլիարդ դոլար: Հաշվի առնելով, որ անցյալ տարի վերահսկիչ պալատը նշել էր, որ վարկի սպասարկումը 2013-ից դառնում է ռիսկային, կառավարությանը հորդորել էր, վարկեր վերցնելուց հաշվի առնել  այդ հանգամանքը»:

Վահագն Խաչատրյանը նշել է, որ եթե կառավարությունը մտածեր Հայաստանի մասին, մի քանի սցենարներով բյուջե կներկայացներ: «Ռուսաստանը, օրինակ, հաշվի առնելով նավթի գինը, երեք բյուջե է հաշվարկել: 2009-ին ես ասում էի, որ լուրջ չեն իրենք, չի կարելի ճոխությամբ բյուջե կազմել: Ընդամենը երկու ամիս անց տնտեսությունը 14 տոկոս անկում ապրեց: Աշխարհի տնտեսական միտումները հստակ չեն»,- նշեց նա:

Հարցին,թ ե չկա՞ն արդյոք դրական միտումներ, Խաչատրյանը նշեց, որ դրական միտումներ հնարավոր կլինի տեսնել, երբ խաղի կանոնները փոխված լինեն: