JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը ուրբաթ սկսել է երրորդ եռամսյակի հաշվետվությունների սեզոնը՝ խստորեն զգուշացնելով ներդրողներին, տեղեկացրել է CNN-ը։
«Հիմա, գուցե, ամենավտանգավոր ժամանակն է, որն աշխարհը տեսել է վերջին տասնամյակներին»,- գրել է նա ընկերության հաշվետվությունում։
Պատերազմներն Ուկրաինայում Իսրայելում եւ Գազայի հատվածում «կարող են հեռուն գնացող հետեւանքներ ունենալ էներգետիկ եւ պարենային շուկաների, գլոբալ առեւտրի եւ աշխարհաքաղաքական հարաբերությունների համար», նշել է Դայմոնը։
CNN հեռուստաալիքի հարցազրույցում Դայմոնը նշել է, որ բանկերի ղեկավարները Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում «մագլցում են անհանգստության պատն ի վեր»՝ վկայակոչելով Ուոլ-սթրիթի այն ճշմարտությունը, որ շուկաները կարող են մնալ ուժեղ տնտեսական անորոշության եւ բացասական լուրերի պայմաններում։ «Եվ մենք պարտավոր ենք,- ասել է Դայմոնը։- Դա մեր աշխատանքն է՝ լինել պատրաստ պոտենցիալ արդյունքներին, որոնց չեք սպասում»։
Ուոլ-սթրիթը, նրա խոսքով, հաճախ կենտրոնացած է ընթացիկ պայմանների վրա՝ պատրաստվելու փոխարեն այն բանին, ինչը կարող է տեղի ունենալ հետո։
«Մենք շաբաթը հարյուր սթրես-թեստեր ենք անցկացնում,- ասել է Դայմոնը։- Սովորաբար աշխարհաքաղաքականությունը մատուցվում է որպես խոր ռեցեսիա կամ չափավոր ռեցեսիա... Եվ շուկաների լավ ցուցանիշները դեռ առիթ չեն ասելու, որ դրանք կշարունակեն հաջող լինել»։
Այնուամենայնիվ, աշխարհում ամենամեխ բանկը գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքներն անցած եռամսյակում։
Բանկը տեղեկացրել է մեկ արժեթղթի համար 4,33 դոլարի շահույթի մասին՝ վերլուծաբանների ակնկալած 3,90-ի փոխարեն։ Refinitiv-ի տվյալների համաձայն՝ հասույթը կազմել է 39,9 մլրդ դոլար՝ 39,57 մլրդ դոլարով գերազանցելով ակնկալվող ցուցանիշը։
Մոտ 3,9 տրն դոլար ակտիվներ ունեցող JPMorgan Chase-ը Միացյալ Նահանգների ամենամեծ բանկն է եւ ամերիկյան տնտեսության առաջատարը։





























