Որտեղի՞ց ճարել այն 101 մլրդ դրամը, որը 2012 թ. պետական բյուջեի նախագծում հանդիսանում է որպես լրացուցիչ հարկային պլան: Այս հարցադրումը կարծես թե սպառնում է դառնալ բյուջետային սպասվելիք քննարկումների մեխը, թեեւ հայտնի է, որ պատգամավորներին բյուջեներում առավել հետաքրքրում է իրենց ընտրատարածքներում մի հավելյալ շինարարություն կամ վերանորոգում «պլոկելու» խնդիրը: Սակայն պետեկամուտների ղեկավար Գագիկ Խաչատրյանն էլ խորհրդարանում իր լոբբիստական ազդեցությունն ունի, ու կարող է «տորպեդահարել» կառավարության առաջարկությունը: Նա հիմա էլ անթաքույց դժգոհում է ներկայացված նախագծից եւ պահանջում ցույց տալ այն ոլորտները, որտեղից հավաքագրելու է այդ չարաբաստիկ 101 մլրդ դրամը:
Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծով պետք է հավաքագրվի 874 մլրդ դրամի հարկեր, ներառյալ սոցապ վճարները, 2011 թ. սպասվելիք 773 մլրդ դրամի համեմատ: Բուն հարկային եկամուտների (առանց սոցապ վճարների) հավելաճը կազմում է 82 մլրդ դրամ:
Ըստ բյուջեի նախագծի հիմքում դրված բացատրագրի` այդ 82 մլրդ -ից 40 մլրդ դրամը բաժին է ընկնում օրենսդրական փոփոխություններին եւ վարչարարական միջոցառումներին: Օրինակ` ակցիզների որոշ դրույքաչափերը կճշտվեն, ինչը մոտ 10 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ կապահովի:
Սակայն, այնուամենայնիվ, մնացյալ 40 մլրդ դրամի հավաքագրման աղբյուրը բյուջեի բացատրագրում կարծես թե բաց է մնում, ինչն էլ ՊԵԿ ղեկավարի ու այլ տնտեսագետների քննադատության թիրախ է:
Կարծիքներ կան նույնիսկ, որ այդ բացը լրացվելու է փոքր եւ միջին բիզնեսի հաշվին, եւ որ հարկային վարչարարության ողջ ծանրությունը կբարդվի հենց փոքր բիզնեսի վրա: Այս մոտեցումը սակայն այնքան էլ հիմնավոր չի թվում: Վերջին 2 տարիների ընթացքում մի քանի բարեփոխումներ են իրականացվել, ու փոքր բիզնեսի դիրքերը ամրապնդվել են: Դժվար թե կառավարությունը ցանկանա հաջորդ տարվա ընթացքում ջուրը գցել նախորդ 2 տարիների կատարած աշխատանքը: Չմոռանանք նաեւ, որ ավելացված արժեքի հարկի մասին օրենքում կատարվել է փոփոխություն, որի հետեւանքով մինչեւ 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները ավելացված արժեքի հարկ չեն վճարում: Իսկ տարեկան 58 մլն դրամ շրջանառությունը, խոստովանենք, որոշ դեպքերում կարելի է նույնիսկ միջին բիզնես անվանել: Հարկային վարչարարությունը տվյալ դեպքում այնքան էլ «սարսափելի» չի թվում, որովհետեւ ազատվելով «ամենածանր» հարկատեսակներից մեկից, փոքր բիզնեսը կարող է առանց վախենալու բարեխղճորեն վճարել մյուս հարկերը:
Այսպիսով` տարրական տրամաբանությունը հուշում է, որ հարկային վարչարարության հիմնական բեռն իր ուսերին պետք է կրի խոշոր բիզնեսը: Հիմնական աղբյուրը ստվերի կրճատումն է: Չկա գեթ մեկ փորձագիտական եզրակացություն, այդ թվում միջազգային կազմակերպությունների կողմից, որտեղ Հայաստանի ստվերային դաշտը գնահատվեր ՀՆԱ-ի 30 տոկոսից պակաս: Որոշ գնահատականներով ստվերը նույնիսկ մինչեւ 60 տոկոս է հասնում, այն առկա է համարյա բոլոր ոլորտներում: Այդ պատճառով ինչ-որ հատուկ ոլորտներ առանձնացնելու պահանջը նույնպես հիմնավոր չի թվում:
Չի կարելի ասել, որ ստվերային տնտեսությունն այն աստիճան անխոցելի է, որ ոչինչ անել հնարավոր չէ: Օրինակ` 2011 թ. հաջողվեց մենաշնորհատեր «Ալեքս Գրիգին» ստիպել` ներմուծվող շաքարավազի հումքը մաքսազերծել նորմալ շուկայական արժեքով, ինչը բյուջեին մոտ 1 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ բերեց: Նմանատիպ ստվերային արտոնություններից օգտվող ոլորտներ էլի կան, ու եթե ՊԵԿ-ը լավ փնտրի` հաստատ կգտնի:
Սամվել Ավագյան




























