Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 22-ին, Երեւանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա  խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարեւոր է մի քանի հանգամանքնեռրից ելնելով. «Կարծում եմ՝ սա կարեւոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձեւավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ   հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարեւոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձեւավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ»:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռեւս պատրաստ չեն հստակ ձեւակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձեւավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները  լուծելու համար: «Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար»,- ասել է նա:

Գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: