Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից: Այս մասին Մադաթյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։
Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։
Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։
Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար»։
Այսօր ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում: Ցուցակում Լևոն Քոչարյանը 50-րդն է, Գերասիմ Վարդանյանը՝ 49-րդը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Չարչյանը հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը։





























