Երևանի Բուսաբանական այգու տարածքում արագացված տեմպերով շինարարությունն է ընթանում։
Տեղադրված ցուցանակը տեղեկացնում է, որ իրականացվում է «անտառպուրակի տարածքի մշակում»։ Ծրագրի պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է, շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն։ Ճիշտ է, նրանց համար, ովքեր անգլերեն չգիտեն, դժվար կլինի ծանոթանալ ծրագրի մանրամասներին. ստենդի վրա մանրամասները գրված են Շեքսպիրի լեզվով:
Մինչդեռ, հարևան թաղամասերի բնակիչները, հետևելով աշխատանքներին, ահազանգում են։ Այն, ինչ կատարվում է, ավելի շատ հիշեցնում է հյուրանոցի և լողավազանի կառուցում, քան «անտառպուրակի տարածքի բարեկարգում»։ Թեև, հավանաբար, քաղաքապետարանի պատկերացմամբ, հյուրանոցը «անտառպուրակի տարածքի բարեկարգման» անփոփոխ ուղեկիցն է։
«Այգու ողջ մնացած հատվածը բարեկարգման կարիք չունի՞։ Ինչո՞ւ է քաղաքապետարանը շահագրգռված միայն տարածքի այս հատվածով՝ լավ տեղում և լավ հողով»,- իրենց հարց են տալիս մտահոգ երևանցիները։
Հուսով ենք, որ բարեկարգումն օգուտ կբերի Բուսաբանական այգուն, հակառակ դեպքում՝ կրկին «սիրուն չի ստացվի»։































