ՌԴ պատվիրակությունը չի մասնակցում ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին, բայց դա կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշման հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդայանը` նշելով, որ ՌԴ պատվիրակությունը դիմել է խորհրդարանական վեհաժողովի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցի այս նստաշրջանին, սակայն պատճառների մասին տեղեկություններ չկան։

Պատգամավորն անտեղի համարեց երկու միջոցառումների միջև զուգահեռը, քանի որ խոսքը տարբեր ձևաչափերի մասին է՝ մի դեպքում գործադիր նիստ է, իսկ սա խորհրդարանական հարթակ է։ Նա շեշտեց, որ հայկական պատվիրակությունը մասնակցում է խորհրդարանական այլ հարթակներին, որոնցում Ռուսաստանը ներկայացված է, օրինակ, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որն անցկացվում էր Բիշքեկում:

«Ես իսկապես չգիտեմ՝ որն է պատճառը, որ ՌԴ պատվիրակությունը չի եկել։ Դրա համար պատճառ չեմ տեսնում։ Պետք է նաև խոստովանեմ, որ մեր մի շարք եվրոպացի գործընկերների կողմից, չեմ ասի ճնշումներ, բայց որոշակի ազդակներ եղել են ՌԴ պատվիրակության մասնակցության վերաբերյալ, որովհետև, օրինակ, Կանադայում, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած նստաշրջանների ժամանակ երկրները վիզաներ չէին տրամադրել ռուս պատգամավորներին, բայց Հայաստանի դեպքում ռուս պատվիրակները նման խնդիր չունեն: Հետո, գուցե պարզաբանում տան»,- նշեց Խանդանյանը։

Հարցին, թե արդյոք դա անհարգալից վերաբերմունք չէ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն ԵԱՀԿ կարևոր երկրներից է և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նա պատասխանեց. «Սա նաև խոսակցության հարթակ է, և Ռուսաստանի պատվիրակության համար հնարավորություն էր գալ, իր դիրքորոշումները ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Գնահատել՝ անհարգալից վերաբերմունք է, թե ոչ, ես կարող էի ասել, եթե պատճառներին ծանոթացած լինեի»,- ասաց Խանդանյանը։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ է անցկացվում Երևանում։Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննարկման առանցքային թեմաներից մեկը լինելու է Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված իրավիճակը։