Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չկա Գազայում ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակելու վերաբերյալ՝ անդրադառնալով նրանց ազատելու առաջիկա գործարքի մասին լուրերին, գրում է Times of Israel-ը:

Շաբաթ երեկոյան կայացած ճեպազրույցում Իսրայելի վարչապետն ասել է, որ «այս պահին» համաձայնություն չկա, և եղել են «բազմաթիվ սխալ տեղեկություններ» գերիների ազատ արձակման վերաբերյալ։

«Ուզում եմ հստակ ասել. այս պահին գործարք չկա: Բայց խոստանում եմ, երբ ասելիք ունենանք, այդ մասին ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք նա մերժում է նման գործարքը, Նաթանյահուն շաբաթ օրն ասել է, որ «սեղանին ոչ մի գործարք չի եղել»։

Չորեքշաբթի օրը Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ պատերազմի եռօրյա դադարի դիմաց ՀԱՄԱՍ-ը համաձայնել է 50 բանտարկյալների ազատ արձակման գործարքին։