Համաշխարհային բանկը Հայաստանին կհատկացնի 18 միլիոն դոլար որպես լրացուցիչ ֆինանսավորում «Ջրամատակարարման վերականգնման արտահերթ նախագծի» (IREP) համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 21,6 միլիոն դոլար: 3,4 միլիոն համաֆինանսավորում կապահովի Հայաստանի կառավարությունը, եւս 200 հազար դոլար կլինի ֆերմերային տնտեսությունների ներդրումը («Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում):

NEWS.am-ին Համաշխարհային բանկի վաշինգտոնյան մամուլի ծառայությունում հայտնեցին, որ լրացուցիչ ծրագրի շրջանակում կվերանորոգվի 50 կմ մայրուղային եւ երկրորդական որոգման ջրանցքներ, որոնք սպասարկում են Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Արարատի եւ Արմավիրի մարզերի 52 հազար հեկտար հողատարածք: 4,7 հազար հեկտարի ոռոգումը կվերականգնվի ամբողջությամբ: Նորոգման աշխատանքների շնորհիվ ոռոգման ջրի կորուստը կկրճատվի 34,4 միլիոն խմ-ով:

Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերի 19 համայնքների երրորդական նշանակության 63 կմ ջրագծերի վերանորոգման շնորհիվ ջրի կորուստը կկրճատվի եւս 9,9 միլիոն խմ-ով եւ բարելավի 2,5 հազար հեկտար հողերի ոռոգումը: Վերանորոգման աշխատանքների համար հիմք կլինի «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» ծրագրի փաստաղթղային բազան:   

Ծրագրի պոտենցիալ շահառուները կլինեն 88 հազար ֆերմերային տնտեսություններ: Ծրագիրը ժամանակավոր զբաղվածություն կապահովի ամիսը 7 հազար մարդու համար:

IREP ծրագիրը հաստատվել էր 2009-ին եւ կշարունակվի մինչեւ 2011թ. դեկտեմբերը: Ընդհանուր արժեքը 36,33 միլիոն դոլար է: 30 միլիոն դոլարը Վերականգնման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով տրամադրել է Համաշխարհային բանկը, 6,33 միլիոն դոլար հատկացրել է Հայաստանի կառավարությունը:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է 89,4 կմ ջրանցք: