Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2020-ի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր երկու կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին. այս պայմանագրով կարգավորվում են մեր հարաբերությունները ՀՀ-ում ռուսական եւ ՌԴ-ում հայկական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում չեն արգելվում ռուսական հեռուստաալիքները, որոնք Հայաստանի եւ նրա ղեկավարի հասցեին վիրավորանքներ պարունակող հաղորդումներ են հեռարձակում:
Նրա խոսքով, այդ համաձայնագրում կա հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն.
«Մեր պետական ինստիտուտները, ՀՌՀ-ն, ԲՏԱ նախարարությունը, վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք մեր կարծիքով խախտում են նշված պայմանագրերը: Մենք հաշվի առնելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, եւ առկա իրողությունները ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որ այս իրադրությունը քննարկենք ու հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերն ու հետեւությունները:
Հույս ունեմ, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ, որ կարողանանք այս հարցը բարեկամական նորմալ մթնոլորտում կարգավորել»,-ասաց Փաշինյանը:



























