Move2Armenia Career ընկերության կազմակերպած աշխատանքի տոնավաճառին մի քանի տասնյակ գործատուներ էին ներկայացրել իրենց թափուր աշխատատեղերը, իսկ մասնակցության համար գրանցվել էր ավելի քան 2000 մարդ։ Մասնակիցների թվում, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Move2Armenia-ի գործընկերների հետ տարվող աշխատանքի հարցերով մենեջեր Արսեն Ապրեսյանը, կան թե՛ հայեր, թե՛ Ռուսաստանից վերաբնակվածներ, և թե՛ Արցախից տեղահանվածներ։ Եվ նրանք բոլորն էլ փնտրում են իրենց երազանքի աշխատանքը։
Move2Armenia Career-ի կազմակերպած արդեն վեցերորդ տոնավաճառն անցկացվել է 2023-ի նոյեմբերի 25-ին Holiday Inn Yerevan հյուրանոցում։ Տոնավաճառին ներկայացված էին ամենատարբեր թափուր աշխատատեղեր՝ սկսած ՏՏ ոլորտից և մարքեթինգից մինչև HoReCa (ծառայություններ և հյուրընկալություն) և զվարճանքի ոլորտ: Ըստ Ապրեսյանի՝ ամենապահանջված մասնագիտություններից են ՏՏ ոլորտի ավագ և կրտսեր ծրագրավորողները, արտաքին կապերի և մարքեթինգի մենեջերները, վաճառքի մենեջերները։ Սակայն կան առաջարկներ մի շարք այլ ոլորտներում, և, հետևաբար, աշխատանք փնտրող գրեթե ցանկացած մարդ կարող է այստեղ իր համար ինչ-որ հարմար բան գտնել։
Տոնավաճառի մասնակիցները կարող էին ոչ միայն տեղում տեղեկանալ թափուր աշխատատեղերի և աշխատանքային պայմանների վերաբերյալ մանրամասներին և անմիջապես ներկայացնել իրենց, իրենց փորձն ու հնարավորությունները, այլ նաև հատուկ ֆոտոգոտում լուսանկարվել և պրոֆեսիոնալ դիմանկար ստանալ իրենց ռեզյումեի համար: Իսկ գործատուները հնարավորություն ունեին հենց տեղում էքսպրես հարցազրույցներ անցկացնել աշխատանք փնտրողներից նրանց հետ, որոնք իրենց հետաքրքրում են. եթե ամեն ինչ լավ է ընթանում, ապա դիմորդը հրավիրվում է հարցազրույցի հաջորդ փուլ, և դա երկու կողմերին էլ կօգնի խնայել ժամանակը: Բացի դրանից, ի տարբերություն աշխատանքի այլ տոնավաճառների, այստեղ կար առանձին B2B ցանցային գոտի՝ գործընկերներ գտնելու համար:
Այս միջոցառման մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունն այն էր, որ մասնակիցները նախապես գրանցվում էին և ստանում հատուկ համարներ, որոնցով էլ փաստացի մտնում էին տոնավաճառ։ Ճիշտ է, նախապես գրանցված չլինելը (ի դեպ, գրանցումն անվճար էր) նույնպես խնդիր չէր՝ կարելի էր գրանցվել հենց տեղում։
Ինչպես նշեց Move2Armenia Career-ի ղեկավար Մաքսիմ Շվեցովը, գրանցումը հնարավորություն է տալիս հավաքել աշխատանք փնտրողների ռեզյումեները տվյալների մեկ բազայում, որն այնուհետև կազմակերպիչներն ուղարկում են նրանցով հետաքրքրված ընկերություններին:
«Մեր աշխատանքի տոնավաճառը պարզապես զվարճալի իրադարձություն չէ, որտեղ մարդիկ ցուցադրում են վաճառվող ապրանքները կամ շոկոլադ բաժանում, այլ իսկապես աշխատանքի ընդունման, իսկական հարցազրույցների պատմություն է: Մեր տոնավաճառը բոլորի համար է, ովքեր ապրում են Հայաստանում՝ և՛ հայերի, և՛ վերաբնակների, և՛ արցախցիների համար։ Մեզ համար կարևոր է աշխատանքին հասանելիություն ապահովել բոլորի համար»,- նշեց Շվեցովը։
Բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկը միշտ մեծ է
Տոնավաճառում ներկայացված են մի շարք ընկերություններ, որոնք ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ գտնելու վրա։ Այսպես, Quantory միջազգային ՏՏ ընկերությունը, որը համապարփակ լուծումներ է մշակում առողջապահական և դեղագործական ընկերությունների համար և, ի թիվս այլ ընկերությունների, համագործակցում է այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Pfizer-ը և PerkinElmer-ը, ներկայումս DevOps մասնագետներ, Python ծրագրավորողներ և այլ ՏՏ մասնագետներ է փնտրում, ընդորում՝ հիմնականում ավագ աշխատողների հաստիքների համար:
Quantory-ից Աննա Վարդանյանն ասաց, որ ընկերությունը երրորդ անգամ է մասնակցում Move2Armenia Career-ի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին, իսկ վերջին անգամ իրեն և իր գործընկերներին հաջողվել է գտնել իրենց չափանիշներին համապատասխանող ճիշտ մասնագետների և նույնիսկ ուսանողների ընկերության ակադեմիայի համար, որտեղ անհրաժեշտ գիտելիքների բազա (ՏՏ, բժշկություն) ունեցող մարդկանց երեք ամսվա ընթացքում վերապատրաստում են, իսկ հետո լավագույններին ընդունում աշխատանքի։
Tru Tru Café-ի մենեջեր Անի Մարգարյանն իր հերթին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությանն անհրաժեշտ են խոհարար, մենեջերներ, գանձապահներ, լավ բարմեն/բարիստաներ և շատ այլ մասնագետներ։
Tru Tru Café-ի ներկայացուցիչները, Մարգարյանի խոսքով, առաջին անգամ են մասնակցում Move2Armenia աշխատանքի տոնավաճառին և շատ լավատես են. դատելով նրանց ստենդի նկատմամբ մասնակիցների հետաքրքրությունից, նրանք հույս ունեն գտնել, եթե ոչ հիանալի մասնագետներ, ապա գոնե հիանալի, խոստումնալից մարդկանց, որոնք պատրաստ են սովորել և լավ մասնագետ դառնալ։
«Անկեղծ ասած, մենք չէինք պատկերացնում, որ այստեղ այսքան մարդ և այսպիսի իրարանցում կլինի։ Մտածում էինք, որ օրական մոտ 10 մարդ կմոտենա մեզ, սակայն օրը նոր է սկսվել, և հետաքրքրությունն արդեն մեծ է»,- խոստովանեց Մարգարյանը։
Միշտ չէ, որ աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատանքի տոնավաճառում աշխատանք գտնելու համար տպավորիչ ռեզյումե և 10 տարվա աշխատանքային փորձ հարկավոր չէ: Այստեղ ներկայացված են բազմաթիվ ընկերություններ, ընդորում՝ տարբեր ոլորտներից, որոնք պատրաստ են դիտարկել ընդհանրապես աշխատանքային փորձ չունեցող մարդկանց, այդ թվում՝ ուսանողների թեկնածությունը։
Softconstruct-ի ամենախոշոր ապրանքանիշերից մեկի՝ Creed Roomz-ի HR մասնագետ Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ իրենց ակտիվ զարգացող ապրանքանիշը փնտրում է պորտուգալերենի, կորեերենի և այլ օտար լեզուների իմացությամբ աշխատողների։ Աշխատանքային փորձը կարևոր չէ․ աշխատակիցներին կսովորեցնեն այն ամենը, ինչ նրանք պետք է իմանան:
Evolution ընկերությունից Արփի Արզումանյանն իր հերթին նշեց, որ իրենց ընկերությունը բազմաթիվ թափուր աշխատատեղեր ունի անգլերեն տիրապետող մարդկանց համար։ Ավելին, ընկերությունը պատրաստ է աշխատանքի ընդունել ուսանողների, որոնք ճկուն գրաֆիկի շնորհիվ կկարողանան համատեղել աշխատանքն ուսման հետ, միաժամանակ կունենան նաև կարիերայի աճի հեռանկար։
Հայաստանում բազմաթիվ ավտոմեքենաների և ավտոբուսների պրեմիում ապրանքանիշների ներկայացուցիչ (JCB, Renault և այլն) Premium Machinery Armenia ընկերության HR մասնագետ Անահիտ Գասպարյանն ասաց, որ այսօր իրենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր ունեն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած հաշվապահներից մինչև մեխանիկներ, որոնք տարբեր մակնիշի ավտոբուսների սպասարկմամբ են զբաղվում։ Ընկերությունը հույս ունի նրանցից գոնե մի քանիսին հանդիպել այս տոնավաճառում, որին, Գասպարյանի խոսքով, առաջին անգամ է մասնակցում։ Քանի որ հեշտությամբ ճիշտ մասնագետներ գտնել միշտ չէ, որ ստացվում է, ընկերությունը պատրաստ է աշխատանքի ընդունել սկսնակների, վերապատրաստել նրանց և դարձնել որակյալ, մրցունակ մասնագետներ։
Աշխատանքային փորձ չունեցող անձանց համար բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան նաև սպասարկման ոլորտում։ Այսպես, KFC-ի HR բիզնես-գործընկեր Նինա Աճեմյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն ակտիվորեն ընդլայնվում է, և ինքն ու իր գործընկերները մշտապես նոր աշխատակիցներ են փնտրում։ KFC-ում 16-40 տարեկան մարդկանց համար միշտ աշխատանք կա, ընդորում՝ աշխատանքային փորձ պետք չէ․ նոր աշխատակիցներին անհրաժեշտ ամեն ինչ կսովորեցնեն մի քանի օրում։
«Մեր ղեկավարների և տնօրենների 90%-ն սկսել է զրոյից: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենք կարիերայի աճի հեռանկարներ և հնարավորություններ»,- նշեց մասնագետը։
Նրա խոսքով՝ աշխատանքի տոնավաճառն իսկապես լավ է կազմակերպված, և այստեղ ներկայացված են տարբեր ոլորտների ընկերություններ, ինչը հնարավորություն է տալիս թե՛ շփվել գործընկերների և աշխատանք փնտրողների հետ, և թե՛ ավելի լավ հասկանալ աշխատաշուկայում տիրող իրավիճակը։
Պետական կառույցները ևս մասնակցում են
Տոնավաճառում ներկայացված էր նաև Միասնական սոցիալական ծառայությունը՝ պետական կազմակերպություն, որն ունի հատուկ բաժին, որն զբաղվում է զբաղվածության հարցերով և հանդես է գալիս որպես միջնորդ գործատուների և աշխատանք փնտրողների միջև:
Ըստ ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանի՝ իրենց կազմակերպությունն առաջարկում է շուրջ 5000 թափուր աշխատատեղ տարբեր ոլորտներում․ այդ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հավաքել են կազմակերպության տարածքային 49 կենտրոնները։ Նրա խոսքով՝ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան առևտրի, սպասարկման և շինարարության ոլորտներում։ Թափուր աշխատատեղերի մեծ մասը մասնավոր հատվածում է, բայց կան նաև պետական կառույցներում:
Աշխատանքի տոնավաճառի ժամանակ Հակոբյանը և նրա գործընկերները քաղաքացիներին տեղեկացնում էին զբաղվածության ծառայություններ մատուցող պետական կառույցների մասին։
«Աշխատանք փնտրողներին առաջարկում ենք գրանցվել իրենց բնակության վայրերում գտնվող մեր կենտրոններում, այնտեղ նրանց խորհրդատվություն կտրամադրեն, կօգնեն աշխատանք գտնել կամ մասնակցել կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերին»,- նշեց Հակոբյանը։
Ի աջակցություն արցախցիների
Աշխատանքի նախորդ հինգ տոնավաճառները, որոնք կազմակերպել է Move2Armenia Career-ն, ավելի քան 250 գործատուի և 1000 թեկնածուի օգնել են գտնել միմյանց:
Այդ մարդկանց թվում եղել են նաև արցախցիներ, սակայն վերջիններիս համար Move2Armenia Career-ը նաև հատուկ միջոցառում է կազմակերպել։ Ինչպես պատմեց Move2Armenia Career-ի կադրերի հարցերով մենեջեր Սոնա Դանիելյանը, հոկտեմբերի 14-ին ԵՊՀ շենքում արցախցի 1000-ից ավելի տեղահանվածներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանում գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային 30 ընկերությունների թափուր աշխատատեղերին։ Մասնակիցների 15%-ն ի վերջո կարողացել է տոնավաճառի ժամանակ աշխատանք գտնել։
Միասնական սոցիալական ծառայությունը նույնպես մասնակցել է այդ տոնավաճառին և, ինչպես նշեց Հրայր Հակոբյանը, այդ, ինչպես նաև այլ միջոցառումների շնորհիվ, որոնց նույն ամսին իրենք մասնակցել են, հաջողվել է աշխատանքի տեղավորել 366 արցախցու, ևս 25 մարդու ուղարկել մասնակցելու կազմակերպության գործընկերների կողմից անցկացվող վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերին։
































