Երեւանի կենտրոնում ապրող բնակիչները հնարավորություն չեն ունենալու իրենց մեքենաները մատչելի գնով կայանել, եւ դրանով իրենց սահմանադրական իրավունքն է ոտնահարվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկման ժամանակ նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը:

«Արդյոք այդ հարցը հաշվի առել եք քննարկումների ժամանակ, ո՞նց եք պատկերացնում այդ տարածքում ապրող բնակիչների կայանման հարցի լուծումը»,-ասաց նա:

Քեյանը նաեւ հիշատակեց փաստը, որ թեեւ կարմիր գծերը կան, սակայն կան մարդիկ, որ փող են գանձում կայանման համար, կամ էլ տարբեր առարկաներ են դնում եւ թույլ չեն տալիս մեքենաներին կայանել:

Քննարկումը վարող Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 9-ը անվճար է լինելու կայանումը. «Կարելի քննարկել այդ ժամերը փոփոխելու շուրջ, իսկ այս նախաձեռնության նպատակը: Ես չեմ կարծում, որ դուք նկատի ունեք, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, դա չի նշանակում, որ ամբողջ այդ գոտում ինձ համար կայանելը անվճար պետք է լինի: Այսինքն ձեր ասած տրամաբանությամբ շատ կոնկրետ իմ տան մոտի հատվածը պետք է լինի, որի տեղորոշումը նոր համակարգով է իրականացվում: Դա նոր առաջադրանք է, եւ այդ մասով քննարկումներ կան»:

Քեյանը առաջարկեց տվյալ տարածքի բնակիչների համար այլ սակագներ սահմանել, նաեւ արգելքներ սահմանել, որ որոշակի ժամերից հետո միայն այդ հատվածի բնակիչները կարողանան կայանել:

Նշենք, որ նոր նախագծի համաձայն, Երեւանի կենտրոնում ավտոմեքենայի կայանման տարեկան վճարը դառնում է 160 հազար դրամ, իսկ B գոտում՝ 24 հազար դրամ: