Մոսկվան ափսոսում է Ֆինլանդիայի՝ իր տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման վերաբերյալ փաստաթղթեր ստորագրելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, դա կհանգեցնի ՌԴ-ի հետ լարվածության աճին։ Եվ մենք կարող ենք միայն ափսոսալ դրա համար, քանի որ մենք իսկապես հիանալի հարաբերություններ ունեինք Ֆինլանդիայի հետ։ Եվ ոչ ոք ոչ մեկին չի սպառնացել, ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի պահանջ չի եղել միմյանց նկատմամբ, ոչ ոք չի ոտնահարել միմյանց շահերը, եղել է փոխադարձ հարգանք և այլն։
Այդ պատճառով, իհարկե, հիմա, երբ Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ, և երբ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն արդեն կլինի Ֆինլանդիայում, դա մեզ համար ակնհայտ վտանգ կներկայացնի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ այդ փաստաթուղթը ստորագրելու Ֆինլանդիայի որոշումը կհանգեցնի Ռուսաստանի հետ նրա հարաբերություններում լարվածության մեծացմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել ԱՄՆ-ի հետ ստորագրել, այսպես կոչված, պաշտպանական համագործակցության համաձայնագիր (Defense Cooperation Agreement, DCA):





























