Եվրոպան վախենում է «ահաբեկչական հարձակումների հսկայական վտանգից»՝ Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետևանքների պատճառով: Վերջին շաբաթների ընթացքում մայրցամաքը գրավել է իսլամաֆոբ և հակասեմական միջադեպերի տագնապալի աճը, հայտնում է Euronews-ը։

Դեկտեմբերի 5-ին՝ Փարիզում մահացու դանակահարությունից օրեր անց, Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնն անդամ երկրներին կոչ արեց ուժեղացնել անվտանգության միջոցները՝ զգուշացնելով, որ ռիսկերը կապված են այն «բևեռացման» հետ, որը Գազայի պատերազմը «առաջացնում է մեր հասարակության մեջ»։

Եվրահանձնաժողովը 30 միլիոն եվրո է հատկացրել խոցելի շրջաններում անվտանգության ամրապնդման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով պաշտամունքի վայրերին:

«Երբ Գազայում հակամարտություն է սկսվում Իսրայելի և պաղեստինցիների միջև, միշտ էլ հակասեմական միջադեպերի աճ է նկատվում», - բացատրեց Լոնդոնի Հրեական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Ջոնաթան Բոյդը:

Նոյեմբերին Մուսուլմանների պաշտամունքի ֆրանսիական խորհուրդը հայտարարեց, որ ստացել է տասնյակ սպառնալից և վիրավորական նամակներ, և հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո 14 մզկիթներ վանդալիզմի են ենթարկվել:

Ըստ ոստիկանության տվյալների՝ Լոնդոնում Իսլամաֆոբիայի հողի վրա հանցագործությունների թիվն աճել է 140%-ով։ 

Մի շարք երկրներում իշխանություններն արգելել են պաղեստինյան տարածքների աջակցության ցույցերը։ Դա եղավ Գերմանիայում, որտեղ իշխանությունները նշում էին անմիջական վտանգը, որ հավաքները կհանգեցնեն հրահրման, հակասեմական կարգախոսների և բռնության հերոսացման: