Ամանորի գիշերը ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 211 մարդու, տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը X սոցցանցում։

«Այս գիշեր մենք նորից մեր իրավակարգի ուժերի հետ միասին մոբիլիզացվեցինք մեր ավտանգության համար։ Շնորհակալություն նրանց իրենց անձնուրաց գործի համար։ Մեծ տոնակատարություններն անցան հանգիստ, մասնավորապես, Փարիզում, որտեղ հավաքվել էր ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ժամը 01.30-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով ժամը 03.30- խմբ.) ձերբակալվել էր 211 մարդ»,- գրել է նախարարը։

Անցած ուրբաթ ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ավելի քան 90 հազար ոստիկան եւ ժանդարմ է աշխատելու ամբողջ Ֆրանսիայում Նոր տարվա նախօրեին՝ ապահովելու համար անվտանգությունը եւ կարգուկանոնը ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի ֆոնին։