Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում Կիրյա ռազմական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ «ոչ ոք չի կանգնեցնի» Իսրայելին Գազայի պատերազմում, գրում է The Times of Israel-ը։

«Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, այլևս չի կրկնվի»,- ասել է Նեթանյահուն։

Նա խոսքով՝ 2024 թվականի բյուջեի թարմացումը, որի քվեարկությունը նախատեսվում է վաղը և որը  խիստ քննադատության է արժանացել, «թույլ կտա շարունակել պատերազմը»:

«Մենք գնում ենք հաղթանակի ճանապարհով և կանգ չենք առնի, քանի դեռ չենք հասել հաղթանակի։ Մենք փոխզիջումների չենք գնա և կանգ չենք առնի»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նա ասել է, որ այս շաբաթվա սկզբին Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է. «Սա միայն մեր պատերազմը չէ, դա նաև ձեր պատերազմն է»:

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ «Հագայի կեղծավոր հարձակումը բարոյական ձախողում է ժողովուրդների պատմության մեջ»՝ նկատի ունենալով Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի կողմից ցեղասպանության մեղադրանքները։

«Նոր նացիստների կողմնակիցները համարձակվում են մեզ մեղադրել ցեղասպանության մեջ», - ասաց նա՝ մեղադրելով Պրետորիային «մանուկ հրկիզողներին» աջակցելու մեջ, մինչդեռ Իսրայելը աննախադեպ բարոյական և արդար պատերազմ է վարում Համասի հրեշների՝ նոր նացիստների դեմ։

«Հակահրեականությունը դեռ կենդանի է, բայց հրեա ժողովրդի կարգավիճակը փոխվել է՝ մենք ունենք պետություն, բանակ և հերոս զինվորներ, որոնք պաշտպանում են մեր ժողովրդին», - հավելել է Նեթանյահուն։