Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը լքել է ռազմական կաբինետի նիստը այն բանից հետո, երբ նրա օգնականին (նրա աշխատակազմի ղեկավարին) թույլ չեն տվել ներկա լինել, գրում է իսրայելական Details պարբերականը։
Ինչպես հայտնում է 12-րդ ալիքի կայքը, հանդիպումը տեղի է ունեցել Թել Ավիվի ՊՆ համալիրում («Կիրիե»): Միջադեպի ականատեսները պատմել են, որ պաշտպանության նախարարը ուշացել է հանդիպումից և ժամանել է իր աշխատակազմի ղեկավարի հետ։ Սակայն երբ նա ներս է մտել, տեղեկացել է, որ վարչապետի աշխատակազմը որոշել է, որ լսումները պետք է տեղի ունենան առանց խորհրդականների կամ օգնականների։
Արդյունքում Գալանտը և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին վիճել են այս հարցի շուրջ։
«Ես նույնիսկ իմ օգնականներին այստեղ չեմ բերել», - ասել է Հանեգբին:
Գալանտը պատասխանել է. «Դուք մոռացել եք, որ ինքներդ եք օգնական»:
Արդյունքում զայրացած Գալանտը լքել է նիստը «Հերիք է խանգարեք ինձ աշխատել» արտահայտությամբ։ Սակայն Գալանտի զինվորական քարտուղարին թույլ են տվել մասնակցել նիստին։
Նիստին ներկա աղբյուրի փոխանցմամբ, սա առաջին դեպքն էր, երբ Գալանտին թույլ չեն տվել ներկա գտնվել իր աշխատակազմի ղեկավարի հետ։
Կես ժամ անց Իսրայելի պաշտպանության նախարարը վերադարձել է նիստին։




























