Անցյալ տարի մենք «Թրանսփարենսի ինտերնեշնլ» կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ նահանջ ունեցանք. Մենք կառավարության նիստում անդրադարձանք դրան. Եւ հիմա կարող ենք ասել, որ այս տարի հետընթացը կանգնեցրել ենք, մի պուճուր քայլ էլ առաջ ենք արել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» կազմակերպության զեկույցի մեջ ես հատուկ նշեցի հետեւյալ տողը. «Չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում են անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ հաղթահարելու այդ դժվարությունները եւ կիրարկելու արդյունավետ քաղաքականություն ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»:

Սա շատ օբյեկտին նախադասություն է, եթե թարգմանենք, սա նշանակում է, որ նախորդ շրջանի մեր անվտանգային մարտահրավերներին առերեսվելով, կոնտեքստ է ձեւավորվել, որ սա ամենակարեւոր հարցը չի, պետք է զբաղվել անվտանգային հարցերով: Բայց նաեւ ուզում եմ հիշեցնել, որ մենք հրապարակային պայմանավորվեցինք, որ մեր ճիշտ աշխատանքը մեր ռազմավարական օրակարգերից չշեղվելն է:

Այսօր շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսեւորումները: Դա միայն այն բանի շնորհիվ է, որ մենք նույնիսկ 2020-ին, 2021-ին,, 2022-ին ու 2023-ին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2018-ին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում շատ մեծ առաջընթաց գրանցվեց, հետո այդ առաջընթացը կանգնեց կամ դանդաղեց. «Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ ինչքան մեծ առաջընթաց ես ունենում, այնքան  հետագա  առաջընթացն ավելի դժվար է դառնում: Բայց սա մեր օրակարգից ոչ մի պատճառով դուրս գալ չի կարող: Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կամքը 2018-ի մայիսից ի վեր ոչ մի միլիմետր չի նվազել, հակառակը՝ ավելացել է:

Այլ հարց է, որ առավելապես կամ հիմնականում քաղաքական կամքի հաշվին այն, ինչին հնարավոր էր հասնել, մենք գործնականում արդեն հասել ենք: Հիմա զուտ ինստիտուցիոնալ բարեփոխումների բովանդակային աշխատանքը պետք է անենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք չէ շատ վստահել այն զեկույցներին, որ գալիս-հասնում են կառավարություն. «Հիմա դուք ինձ եք զեկուցում, ձեզ ուրիշներն են զեկուցում, նրանց էլ, երևի, ուրիշն է զեկուցում, կարևոր նախագծերը պետք է անձամբ գնանք ու փորձարկենք։ Եթե այդպես չանենք՝ ոչ մի բան չի ստացվելու, սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով թեմային՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը արձանագրեց, որ տարին ամբողջ աշխարհում անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի առումով, և այն 1 միավորը, որը գրանցել է Հայաստանը, պետք է գնահատել:

«Այս 1 միավորի արժեքը մենք պետք է գնահատենք, քանի որ Իռլանդիան և Իսլանդիան -3 միավոր են գրանցել, մեր հարևան Վրաստանը նույնպես -3 միավոր է գրանցել: Ոչ թե ուրախանանք հարևանների դժվարություններով, այլ մեր 1 միավորը շատ գնահատենք»,- ասաց նախարարը: