Դեպի իսլամի սրբատեղիներ Մեքքա եւ Մեդինա կատարվող հաջը պաշտոնապես սկսվում է այսօր` Սաուդյան Արաբիայում: Այն մուսուլմանների պարտականություններից մեկն է, եւ նրանց երաշխավորում է մեղքերի թողություն ու հանդերձյալ կյանքում հավերժական վայելքների վաստակում: Ամեն մի ճշմարիտ մուսուլման պետք է գոնե մեկ անգամ կյանքի ընթացքում հաջ կատարի:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս տարվանից սկսած որոշակի սահմանափակումներ են մտցվել: Այսպես, հավատացյալներին արգելվում է ծխել սրբավայրերի տարածքում, խախտում կատարողները մեծ տուգանքներ կվճարեն:
Արգելվում է նաեւ տնտեսման նկատառումով քնել գետնին` որոշակի զրկանքներ կրելով:
Ինչպես սպասվում է, այս տարի ուխտագնացության կմեկնեն 2 միլիոն մուսուլմաններ ամբողջ աշխարհից: Ամեն երկիր որոշակի քվոտա է ստանում: Առաջին ուխտագնացները Սաուդյան Արաբիա են ժամանել շաբաթներ առաջ, որպեսզի նախօրոք նախապատրաստվեն ծիսակատարությունների կատարմանը: Երկրի իշխանությունները հայտնել են, որ այս տարի հաջի ծախսերը զգալիորեն ավելացել են, դրանում նաեւ կազմակերպող ընկերության մեղքը կա:
Այսօր` իսլամական օրացույցով «Դհու ալ հիջայի» 8-րդ օրը, միլիոնավոր ուխտագնացներ, «իհրամ»-ը (ուխտավորների հոգեւոր մաքրության հատուկ վիճակ), խորհրդանշող սպիտակ հագուստներով, 25 կմ երկարությամբ դժվարին ճանապարհ կհաղթահարեն` դեպի Արաֆաթ լեռը, որտեղ կանցկացվի գլխավոր ծիսակատարությունը:




























