Էկոնոմիկայի նախարարությունը մեծապես ուղղված է արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը։ Այս մասին փետրվարի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնեց փոխադրող ընկերությունների մտահոգությունները։ Նրա խոսքով՝ 2023 թվականի նոյեմբերից վրացական կողմը նոր սահմանափակումներ է մտցրել Վերին Լարսի անցակետում՝ արգելելով երկրորդ բաքի առկայությունը։
Նախարարն արձագանքեց՝ ասելով, որ տարբեր երկրներ տարբեր չափորոշիչներ են սահմանում և տարբեր պայմաններ են դնում։ «Մենք այժմ կոչ ենք անում արտահանողներին և բեռնափոխադրողներին ուշադրություն դարձնել այլ շուկաների վրա և փորձել դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը»,- ասաց Քերոբյանը։





























