Նիկոլ Փաշինյանի գործունեության առանցքը, լեյտմոտիվը ոչ թե Հայաստանին մի բան անելն է կամ վնասելը Արցախին, այլ հակառուսականությունն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Սա ամեն օր «զռում է» իմ աչքի առջեւ: Մենք ոչ մի Արցախ էլ հետ չենք կարող բերել, եթե աշխարհաքաղաքական ուժեր չլինեն դրա հետեւում կանգնած: Ես համարյա չեմ տեսել եվրոպական մի գործիչ, որ ինձ չասի՝ Արցախը մոռացեք, դա լուծված հարց է, բացի ռուսներից: Ռուսներից էլ գոհ չենք, իրենց խաղաղապահության ֆունկցիան լավ չեն կատարել, բայց դա է: Եվ ինչ էլ ասենք, Փաշինյանը անընդհատ  հարում է այդ հակառուսականության թեւին, որովհետեւ դա Արեւմուտքն է պահանջում: Ասում է՝ քշիր այդտեղից ռուսներին, պարսիկներին ու շանս կստանաս մեզնից տիրելու հավերժ ոնց կուզես, ինչ կուզես՝ Հայաստանի հետ արա: Որեւէ կասկած չպետք է լինի, որ դա այդպես է»,-ասաց Բագրատյանը:

Նա նկատեց, որ եթե այսօր Արցախը չկա, մեր թիկունքը բաց է, մենք խոցելի ենք, հասկանում ենք, որ չենք կարողանում պահել Սյունիքը: «Մենք նաեւ հասկանում ենք, որ եթե վերացնում ենք այլ քաղաքական դաշնակիցներին, իսկ հիմա ռեգիոնալության դարաշրջանն է, գլոբալիզմն ավարտվեց: Իսկ մեզ ուղղակի ասում են՝ չենք գալու, ձեզ չենք պաշտպանելու, թերեւս էլի մի քիչ ռուսները եւ Իրանը, որոնք մի քիչ այլ շահեր ունեն:

Աշխարհը բաժանվելու է առնվազն երկու բեւեռի, կոմպլեմենտարության դարաշրջանը պրծել է, ինչպես 20 տարի առաջ էր, չի կարելի լավ լինել համ Արեւմուտքի, համ Արեւելքի հետ: Արեւելքը գլխավորում է Չինաստանը. Եթե մենք ուզում ենք հասկանալ Արցախի հարցի խորությունը, մենք պետք է հասկանանք, որ դա աշխարհաքաղաքական խնդիր է եւ մենք ինքներս դա լուծել չենք կարող»,- հայտարարեց Բագրատյանը: