Հարավային Կովկասում խառնակություն մտցնելու ցանկացած փորձ կհանդիպի մեր կոշտ դիմակայությանը։ Այս մասին «Радио Sputnik»-ի հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի թշնամական ուժերը փորձում են շատ ակտիվ ազդել Հարավային Կովկասի իրադարձությունների վրա՝ օգտագործելով դրանք որպես ՌԴ-ի դեմ աշխատելու պատրվակ եւ հնարավորություն։

«Դա կթողնի իր ազդեցությունը։ Ես արդեն ասել եմ, երբ փորձել եմ գնահատական տալ մեր հարաբերությունների ընդհանուր պատկերին,  մթնոլորտին, եւ դա, իհարկե, գործոն է, որը պետք է հաշվի առնել, որը տագնապ, զգուշավորություն է առաջացնում։ Բայց կրկնում եմ, ես հուսով եմ, որ այն, ինչ մեզ միավորում է, այն, ինչ կազմում է մեր ազգային շահերի առանցքը, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում գժտություն մտցնելու փորձերը, Ռուսաստանի դիրքերը, դերը Հարավային Կովկասում խափանելու փորձերը»,- նշել է Ռուսաստանի դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինը ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքն այս հարցում միանշանակ է, քանի որ Հարավային Կովկասը ՌԴ-ի համար կենսականորեն կարեւոր տարածաշրջան է։

«Եվ Ռուսաստանը խաղացել է, խաղում ու խաղալու է կարեւոր դեր Հարավային Կովկասում, որովհետեւ մեր կենսական շահերից է բխում, որ սա լինի խաղաղության, զարգացման, կայունության տարածաշրջան։ Եվ  այստեղ խառնակություն մտցնելու եւ տարածաշրջանն ինչ-որ մեկի շահերի համար օգտագործելու ցանկացած փորձ հանդիպել եւ հանդիպելու է մեր կոշտ դիմակայությանը»,- նշել է նա։