ԵՄ անդամ պետությունները եւ Եվրախորհրդարանի պատգամավորները շաբաթ օրը նախնական համաձայնություն են կնքել կոշտ ֆիսկալ կանոնների մեղմման մասին՝ կառավարություններին ավելի շատ ժամանակ տրամադրելով պարտքի կրճատման համար, ինչպես նաեւ խթաններ՝ պետական ներդրումների ավելացման համար կլիմայի, արդյունաբերական քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում, տեղեկացրել է Reuters-ը։

Կանոնների քսանամյա վաղեմության վերջին փոփոխությունը, որոնք հայտնի են որպես Կայունության եւ աճի պակտ, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ որոշ երկրներ ռեկորդային բարձր պարտք կուտակեցին՝ ավելացնելով ծախսերը, որպեսզի օգնեն իրենց տնտեսություններին հաղթահարել համավարակը, եւ երբ միությունը հայտարարեց հավակնոտ նպատակների մասին բնապահպանության, արդյունաբերության եւ պաշտպանության ոլորտներում։

Նոր կանոնները սահմանում են նվազագույն դեֆիցիտի եւ պարտքի կրճատման նպատակները, բայց դրանք պակաս հավակնոտ են, քան նախորդ ցուցանիշները։

«Զգալի տնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների ժամանակներում նոր կանոնները թույլ են տալիս մեզ հաշվի առնել այսօրվա նոր իրողությունները եւ անդամ պետություններին կանխատեսելիություն եւ պարզություն են տալիս ֆիսկալ քաղաքականությունում գալիք տարիների համար,- նշվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հայտարարությունում։- Այդ կանոնները կբարձրացնեն պետական ֆինանսների կայունությունը եւ կնպաստեն կայուն աճին՝ ի հաշիվ ներդրումների եւ բարեփոխումների խթանման»։

Վերանայված կանոնները  թույլ են տալիս մեծ պարտք ունեցող երկրներին կրճատել իրենց պարտքը միջինը տարեկան 1 տոկոսով, եթե այն գերազանցում է ՀՆԱ 90 տոկոսը, եւ միջինը տարեկան 0,5 տոկոսով, եթե պարտքի ծավալը կազմում է ՀՆԱ 60-90 տոկոսը։

ՀՆԱ ավելի քան 3 տոկոսի չափով պարտք ունեցող երկրները պարտավոր են կրճատել այն կրկնակի՝ մինչեւ 1,5 տոկոս աճի շրջաններում՝ ամրության պաշար ստեղծելով գալիք դժվար ժամանակների համար։

Պաշտպանության ծախսերը ուշադրության կառնվեն Եվրահանձնաժողովի կողմից, երկրի բարձր դեֆիցիտի գնահատման դեպքում։

Նոր կանոնները երկրներին տալիս են յոթ տարի՝ նախկին չորսի փոխարեն, պարտքի եւ դեֆիցիտի կրճատման համար, սկսած 2025-ից։

Բայց ԵՄ ավելցուկային պարտք ունեցող անդամ պետությունները պարտավոր չեն լինի կրճատել այն 60 տոկոսից ավելի մինչեւ յոթնամյա ժամկետի ավարտը, քանի դեռ այն գտնվում է նվազման հավանական ճանապարհին։

ԵՄ երկրները եւ Եվրախորհրդարանը պետք է պաշտոնապես հավանություն տան նախնական համաձայնությանը, որը ձեռք է բերվել շաբաթ օրը, նախքան հաջորդ տարի դրա ուժի մեջ մտնելը։