Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը կորոշի՝ արդյո՞ք հնարավոր է նոր լսում անցկացնել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ։
Եթե դատարանը մերժի, ապա այն հնարավոր չի լինի բողոքարկել Մեծ Բրիտանիայում։ Ասանժը կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ իր արտահանձնումն արգելափակելու պահանջով, սակայն նրա կողմնակիցները մտավախություն ունեն, որ նա կարող է չհասցնել դա անել։
Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ գործունեությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի հրապարակման պատճառով «WikiLeaks»-ի հիմնադրին լրտեսության հատկանիշներով 17 և համակարգչի ապօրինի օգտագործման մեկ մեղադրանք է առաջադրվել։ Դատախազները պնդում են, որ Ասանժն օգնել է ամերիկացի նախկին զինծառայող Չելսի Մենինգին գողանալ ռազմական փաստաթղթերը, որոնք հետագայում հրապարակվել են «WikiLeaks» կայքում։
Ասանժին առաջադրված մեղադրանքներով մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում։ Խուսափելով արտահանձնումից՝ 52-ամյա լրագրողը 7 տարի անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, իսկ վերջին հինգ տարին՝ բանտում։ Ասանժի փաստաբանները պնդում են, որ նրա արտահանձնումը կհամարվի պատիժ նրա քաղաքական հայացքների համար և կխախտի խոսքի ազատության իրավունքը: Ավստրալիայի խորհրդարանը, որի քաղաքացին է Ասանժը, կոչ է արել լրագրողին թույլ տալ վերադառնալ հայրենիք։
Ասանժի կողմնակիցներն ու մերձավորները վախենում են նրա առողջության համար՝ ասելով, որ նա կարող է մահանալ արտահանձնման դեպքում: 2021 թվականին շրջանային դատավորը մերժել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ խնդրանքը՝ ենթադրելով, որ նա կարող է ինքնասպան լինել, եթե պահվի բանտային դաժան պայմաններում։ Երբ 2022թ․ Միացյալ Նահանգները երաշխավորեց, որ Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք կցուցաբերվի, նրան արտահանձնելու որոշումը հավանության արժանացավ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից։





























