Հունաստանի խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցությունների անդամները դուրս են եկել Տեմպեի գնացքի վթարը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի կազմից՝ մեղադրելով իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությանը վթարը «քողարկելու և մեղավորներին արդարացնելու փորձի մեջ»,- գրում է «Kathimerini»-ն։
«Մեր ներկայությունն ու մասնակցությունը քննչական կոմիտեի գործողություններին շարունակելը լեգիտիմություն կհաղորդի իշխող մեծամասնության՝ Տեմպեում հանցագործության մեղավորներին արդարացնելու որոշմանը: Մենք չենք ընդունի այս մեծության հանցագործության կոծկումը»,- հայտարարել են գլխավոր ընդդիմադիր «SYRIZA» կուսակցության չորս պատգամավորներ՝ լքելով հանձնաժողովը:
Նրանք մեղադրել են հանձնաժողովի նախագահին «լիազորությունները չարաշահող և մերժողական կեցվածք» դրսևորելու մեջ։
Սոցիալիստական «ՊԱՍՕԿ» կուսակցության պատգամավորները նույնպես դուրս են եկել հանձնաժողովի կազմից՝ մեղադրելով «Նոր դեմոկրատիայի» պատգամավորներին «հանձնաժողովի աշխատանքը փակուղի մտցնելու մեջ»:
Ծայրահեղ աջ «Սպարտացիներ» կուսակցության պատգամավորները մեղադրել են կառավարությանը խորհրդարանական հետաքննությունը «վիթխարի ֆիասկոյի» վերածելու մեջ՝ վկայակոչելով տրանսպորտի նախկին նախարարի ցուցմունքների հետ կապված խնդիրները և բողոքելով, որ հիմնական վկաները չեն կանչվել ցուցմունք տալու:
Գնացքների բախումը տեղի էր ունեցել 2023 թվականի փետրվարի 28-ի ուշ երեկոյան, երբ հյուսիս մեկնող մարդատար գնացքը սխալմամբ մտել էր հարավային ուղի, որով շարժվում էր հանդիպակաց բեռնատար գնացքը: Զոհվել էր 57 ուղեւոր, այդ թվում՝ երկու գնացքների մեքենավարները։





























