Հունաստանի ողջ տարածքից եկած ֆերմերներն իրենց տրակտորներով հավաքվել են Աթենքում՝ ուժգնացնելով գնաճի, արտերկրից ներմուծվող ապրանքների մրցակցության և ջրհեղեղների աղետալի հետևանքների դեմ շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաները, հայտնում է «Reuters»-ը։
Մայրաքաղաքի փողոցներով անցնելով՝ նրանք շչակներ են հնչեցրել՝ ողջունելով անցորդներին։ Մի քանի տասնյակ տրակտորներ խորհրդարանի դիմաց են կայանվել։
«Անասնաբուծությունն այսօր մեռած վիճակում է»,- նման գրառմամբ պաստառ է փակցված եղել տրակտորներից մեկի վրա, որի առջև նաև սև դագաղ է դրված եղել: «Չկան ֆերմերներ, չկա սնունդ, չկա ապագա»,- գրված է մեկ այլ պաստառի վրա։
Հունական ֆերմերային արհմիությունները շաբաթներ շարունակ բանակցություններ են վարում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի պահպանողական կառավարության հետ, սակայն ասում են, որ հայտարարված միջոցառումները չեն համապատասխանում իրենց շահերին:
Ակնկալվում է, որ մոտ 150 տրակտորներով հարյուրավոր ֆերմերներ կմիանան հանրահավաքին և կփորձեն ճնշում գործադրել կառավարության վրա, որն արդեն էներգիայի վճարման համար զեղչ է առաջարկել և մեկ տարով երկարաձգել գյուղատնտեսական դիզելային վառելիքի հարկի զեղչը մինչև 2024 թվականի վերջը:





























