ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«ՀԱՊԿ-ին անդամակցելով Հայաստանը գործարանային գներով անխափան սպառազինության մատակարարումների հարցն է լուծել:

Երբ ասում են՝ ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է, սուտ են ասում, 2022-ին առաջարկվել է օգնության փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իր պաշտոնը թողնելուց առաջ հայտարարեց, որ մենք պատրաստ էինք Հայաստանին տրամադրել անվճար եւ մատչելի գներով սպառազինություն: Հայաստանը մերժեց, պատրվակ բերելով, որ ՀԱՊԿ-ը չի ընդունում Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը: Եթե Ադրբեջանին ագրեսոր համարելն այդքան կարեւորում եք, ինչո՞ւ նույն հարցադրումը Ֆրանսիայի առաջ չեք դնում, Բրիտանիայի առաջ չեք դնում: Այսինքն ընդամենը պատրվակ է պետք ՀԱՊԿ-ից հեռանալու համար:

ՀԱՊԿ-ն առաջարկել է երկու անգամ զորավարժություններ անցկացնել Հայաստանում 2023-ին: Զորավարժությունները զենք բերելու լեգիտիմ միջոց է: Հայաստանը սա էլ է մերժել: Առաջարկվեց խաղաղապահի առաքելություն գործարկել սահմաններին, դա էլ է մերժել: Այդքանից հետո ՀԱՊԿ-ն էլ ի՞նչ պետք է անի»,-ասաց նա:

«Եթե մեր հարաբերությունները Մոսկվայի հետ լինեն փոխվստահելի, ես վստահեցնում եմ, որ աննկատ կերպով Հայաստանի բոլոր ռազմական կարիքները կարելի է բավական արագ բավարարել»,- ընդգծեց ռազմական փորձագետը: