Հայաստանի կառավարությունը ժողովրդին սխալ է ներկայացնում եկող տարվա բյուջեի նախագիծը: Այդ մասին, նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` խիստ բացասաբար գնահատելով կառավարության վարմունքը:

«Կառավարությունն ասում է զարգացման բյուջե, բայց անգամ կայունացման չենք հասել, ուր մնաց զարգացման: Առանց աշխատավարձի բարձրացման մենք խնդիրներ կարող ենք ունենալ: Այս բյուջեն կարելի է անվանել՝ «եղունգ ունես գլուխդ քորի»,- նկատեց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով շատ ավելի ազնիվ կլիներ, եթե կառավարությունը հետեւեր 90-ականների սկզբին Վազգեն Մանուկյանի գլխավորած կառավարությանը եւ ասեր, որ պահածոներ ավելի շատ պատրաստեն:

Ըստ պատգամավորի` Հայաստանը գտնվում է տնտեսական առումով շատ ծանր վիճակում եւ ճգնաժամի լուրջ վտանգի տակ: «Ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ մենք լուրջ պարտքեր վերցրինք, եթե կրկին ճգնաժամ լինի, անցանկալի իրավիճակում կլինենք, մոտ կլինենք Հունաստանին, որին դեֆոլտ է սպառնում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ, ցավոք, չի տեսնում անվտանգության բարձիկները նոր բյուջեում: «Սա անկարող բյուջե է, եւ սոցիալական որեւէ ուղղվածություն չի կարող ունենալ»,- բնութագրեց նա:

Ի դեպ, նրա խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ինչպես է բյուջեի 2012թ. նախագծին քվեարկելու «Ժառանգություն» խմբակցությունը: «Դեռ քննարկում չի եղել, թե ինչպես է քվեարկելու Ժառանգությունը: Մենք կտեսնենք, թե ինչ դրական քայլեր են արվում: Այս պահի դրությամբ, որեւէ դրական քայլ չենք տեսնում»,- ամփոփեց պատգամավորը: