Կառավարության կողմից մշակված հարկային փոփոխությունների փաթեթի «արժեքը» մոտ 14 մլրդ դրամ է, այսօր` նոյեմբերի 8-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Եթե դրան ավելացնենք վարչարարության գործոնը, ապա ստացվում է, որ այդ 101 մլրդ դրամ ավելացումի կեսից ավելին պետք է ստացվի տնտեսական աճի հաշվին: Աստված տա` այդպես լինի»,- ասաց Ա. Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում հարկային եկամուտների պլանը ավելացվել է 101 մլրդ դրամով, ինչը բուռն քննարկումների պատճառ է դարձել, իսկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կասկած էր հայտնել դրա իրատեսության վերաբերյալ:
«Չենք ասում, որ անլուծելի է, բայց ասում ենք` կան մտահոգություններ, ստվերի, տարբեր ճյուղերի հետ կապված»,- նշեց Ա. Ալավերդյանը:
Նրա տեղեկացմամբ` հատկապես էական փոփոխությունների կենթարկվի հանքարդյունահանող ընկերությունների հարկումը` ընդերքի շահագործման համար: Ըստ Ա. Ալավերդյանի` ընդերքի հարկման փոփոխությունը նույնիսկ ուշացած միջոցառում է:




























