Հայաստանում անհրաժեշտ է ներդնել դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 6-ին ասել է արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։

Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ստուգման առկա մեխանիզմների աստիճանական զարգացմանը, ինչպես նաեւ նոր ինստիտուտների ներդրմանը։ «Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության հետազոտման մեխանիզմները, անձանց եւ ինստիտուտների շրջանակը, որոնք տեղեկություն են տրամադրում, ինչպես նաեւ մտցնել 30 նոր կանոնակարգումներ՝ ուղղված դատավորների, դատախազների եւ այն անձանց բարեվարքության ընթացիկ հետաքննման ապահովմանը, որոնք ինքնավար պաշտոններ են զբաղեցնում քննչական մարմիններում»,- նշել է Կարապետյանը։

Այսպիսով, դատավորների, դատախազների եւ քննիչների համար կնախատեսվեն ստուգման համապատասխան մեխանիզմներ։ «Մենք չենք ունենա ոչ մի սուբյեկտ դատախազական կամ դատական համակարգերում, Քննչական կոմիտեում, որի բարեվարքությունը եւ վարքը ոչ մի անգամ ստուգման չեն ենթարկվի։ Սա ամենակարեւոր հակակոռուպցիոն տարրերից մեկն է, որոնք մենք ցանկանում ենք մտցնել օրենսդրությունում»,- ասել է փոխնախարարը։

Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի հավանությունը։